Friday, February 28, 2014

Ճուտիկով և դդումով ապուր (10 ամսական +)

Ճուտիկի / հավի միսը պարունակում է մեծ քանակով վիտամին B6, բազմաթիվ սպիտակուցներ, ֆոսֆոր, սելեն, վերջինս հայտնի է իր հակաքաղցկեղային հատկությամբ: Հավի միսը օգտագործելուց առաջ անպայման հեռացրեք կաշին և նրա տակ գտնվող ճարպային շերտը:

ԵՎ այսպես  ճուտիկը լվանալ, կտրատել, քիչ ջրով դնել կրակին, մի երկու անգամ եռալուց հետո, ջուրը թափել, նոր ջուր լցնել, ճուտիկը կիսաեփ անել: Ճուտիկին ավելացնել կտրատած գազար, դդում, սոխ, բիբար և շատ քիչ քանակով բրինձ: Արդեն պատրաստի ճաշիկին ավելացնել նեխուր, համեմ , մի փոքրիկ կարագ կամ բուսայուղ:


Մի քիչ մեծ բալիկների համար կարող եք կես պճեղ սխտոր գցել, նաև այս ճաշիկին շատ է      ՚՛՛սազում՛՛ ուրցը : Բարի ախորժակ :)

Tuesday, February 25, 2014

Աշնան շունչը զգացեք խստաշունչ ձմռանը կամ սառեցված մթերք

Քանի որ մենք ու մեր բալիկները բանջարեղենի, մրգերի ու հատապտուղների կարիք ունենք ոչ միայն ամռանը ու աշնանը այլ նաև ձմռանը, ուստի այդ ամենի պահպանման ամենաանվտանգ միջոցը սառեցումն է: Իհարկե թարմ վիճակում վերը նշվածները ավելի օգտակար ու համեղ են, բայց սառեցման մեթոդը հնարավորություն է տալիս պահպանել գրեթե բոլոր վիտամինները ու համային հատկանիշները: Սառեցման համար ընտրեք առողջ ու թարմ մթերք,իսկ պահպանման համար  հատուկ հերմետիկ  փակվող տարաներ կամ զիփ փականով տոպրակներ: Եվ այսպես սառեցնում ենք .
  1. բանջարեղեն - բիբար, սմբուկ, լոլիկ, դդմիկ, ծաղկակաղամբ, կանաչ լոբի
  2. հատապտուղներ - սև և կարմիր հաղարջ, ելակ, գետնամորի, հոն, չիչխան
  3. միրգ - սալոր, ծիրան, դեղձ
  4. կանաչեղեն - նեխուր, համեմ, մաղադանոս

1. Բանջարեղեն 
Սառեցման պրոցեսում  առաջին հորիզոնականում պետք է լինի  բանջարեղենը , որովհետև յուրաքանչյուր ուտեստ առանց բանջարեղենի այնքան էլ համեղ չի լինում ու նաև մեծ քանակով բանջարեղեն պետք է սառեցնեն այն մայրիկները , ովքեր բալիկի հավելյալ սնունդը սկսելու են ձմռանը: Բնականաբար ցանկացած մթերքի սառեցումը սկսվում է մթերքի մանրակրկիտ լվացումից: 
Բիբարը  և  դդմիկը  ձեզ հարմար չափերով կտրատել,  հատիկ-հատիկ շարել սկուտեղի վրա, դնել սառցախցիկում մոտ 24 ժամ, այնուհետև տեղավորել համապատասխան տարաների մեջ:

բիբար
դդմիկ




























Լոլիկը կեղևազատել, բլենդերով մանրացնել, լցնել կեքս թխելու համար նախատեսված տարաների մեջ, սառչելուց հետո տեղափոխել սառեցնելու համար նախատեսված տարաների կամ  տոպրակների մեջ: Եթե չունեք կեքսի ամաններ, կարող եք ուղղակի կեղևազատելուց հետո, ուղղակի քառակուսիկներ կտրատեք , առանձին սառեցրեք հետո տեղափոխեք տարաների մեջ:

Լուսանկարում Աննա Մամիկոնյանի սառեցրած լոլիկներն են

Սմբուկը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին մանրացնել ( ճաշի մեջ գցելու չափով ), կաթսայի մեջ ջուր եռացնել, ապա ցանցով  իջեցնել եռացող ջրի մեջ, պահել մեկ րոպե, հանել, թողնել ջրքամվի, սկուտեղի վրա հատիկ-հատիկ շարել բանջարեղենը, դնել սառցախցիկում, 24 ժամ հետո տեղափոխել համապատասխան տարաների կամ տոպրակների մեջ: Սմբուկը և բիբարը կարող եք նաև խորովել, մաքրել և այդպես սառեցնել: 


սմբուկ
ծաղկակաղամբ




2. Հատապտուղներ
Հատապտուղները լվացեք, թողեք չորանան, այնուհետև հատի-հատիկ շարեք սկուտեղի վրա, դրեք սառցախցիկում, ինչպես մնացած դեպքերում, սրանց դեպքում էլ   24 ժամ հետո տեղափոխեք տարաների մեջ:


Սառեցված հատապտուղները կարող եք ավելացնել շիլաներին, մրգային պյուրեներին ավելացնել, տանը պատրաստված յոգուրտի մեջ լցնել :



3. Մրգեր 
 Եթե ուզում եք միրգ սառեցնել , որպեսզի շիլաներին ավելացնենք, ուրեմն անպայման կեղևազատեք,  հանեք կորիզը բլենդերով հարեք, այնուհետև փոքրիկ տարաներով կամ տոպրակներով դրեք սառցախցիկում:



4. Կանաչեղեն

Սառեցման համար նախատեսված կանաչեղենը  մաքրել, լվանալ, թողնել լավ չորանա, այնուհետև  մանր կրտատել և համապատասխան տարաներով դնել սառցախցիկում:

նեխուր



Խորհուրդ եմ տալիս անպայման նեխուր սառեցնել ու օգտագործել ճաշերի մեջ, բացի հաճելի համից նեխուրը նաև շատ օգտակար է և մեծ քանակով կալցիում է պարունակում:
  • Ճաշերում օգտագործվող սառեցրած մթերքը պետք է հենց այդպես սառած գցել եռացող ճաշի մեջ, եթե թողնեք ՚՚ հետ գա՚՚ ապա վիտամինների կորուստ կունենաք 
  • Սառեցրած մթերքը չի կարելի հալեցնել ու նորից սառացնել, 
  • Եթե հոսանքազրկում կա ձեր բնակարանում, ապա աշխատեք սառցախցիկի դուռը չբացել, որպեսզի չնպաստեք սառած մթերքի շուտ հալվելուն
Կարծում եմ համոզվեցիք, որ մթերքներ սառեցնելը բականին հեշտ ու ոչ աշխատատար է, շատ քիչ ժամանակ ու գումար  տրամադրելով  ձմռանը ձեր բալիկներին կարող եք համեղ ու օգտակար կերակուր մատուցել:
Առողջ սնվեք... առողջ եղեք .... :)

Tuesday, February 11, 2014

Փոքրիկ օգնություն իմունիտետին ( 2 տարեկան +)

Գաղտնիք չէ , որ մեր ժամանակներում  բավականին տարածված են վիրուսային հիվանդությունները  և մենք ու մեր բալիկները հաճախ ենք  ենթարկվում վիրուսային  հարձակումների : Երեխաների մոտ գերակշռում են սուր շնչառական ինֆեկցիոն  հիվանդությունները, որոնցով երեխաները կարող են հիվանդանալ տարի մի քանի անգամ: Եվ այսպես երեխան համարվում է հաճախ հիվանդացող, ցածր դիմադրողականություն ունեցող եթե մեկ տարվա ընթացքում սուր շնչառական ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանում է.

  • մինչև  1 տարեկան -  4 և ավելի անգամ
  • 1- 3 տարեկան - 6  և ավելի անգամ 
  • 4- 5 տարեկան - 5 և ավելի անգամ
  • 5 տարեկանից  մեծ - 4 և ավելի անգամ
ՈՒզում եմ զգուշացնել, որ հակաբիոտիկների ու ջերմիջացնողների  հաճախակի կիրառումը բերում է իմունիտետի ըկնճմանը, անհարկի մի օգտագործեք հակաբիոտիկներ, իսկ ջերմությունը իջեցրեք միայն 38,5C-ի սահմանը անցնելուց հետո միայն: Հիվանդության կանխարգելման ամենաօպտիմալ տարբերակը երեխայի իմունիտետի բարձրացումն է, որի ամենակարևոր տարրերն են.
  • առողջ, բալանսավորված սնունդը
  • օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը (զբոսանք, քուն, ճաշելու ժամեր)
  • կոփումը
Հետևյալ բաղադրատոմսը կօգնի բարձրացնել ձեր ու ձեր բալիկի օրգանիզմի դիմադրողականությունը:
Անհրաժեշտ է. մեղր , ընկույզ, չամիչ, ծիրանի և սև սալորի բնական չրեր, բոլոր բաղադրիչները կես կգ: 
Պատրաստման կարգը.  Չրերը և չամիչը լվանալ, չորացնել, այնուհետև մսաղացով աղալ, ընկույզը մանրացնել կամ մսաղացով կամ հավանգում, այդ բոլորը ավելացնել մեղրին: Խառնուրդը դնել սառնարանում, պահել երեք օր, որից հետո արդեն պատրաստ է օգտագործման համար:
Ուտել ամեն առավոտ մեկ թեյի գդալ, 15 րոպե հետո նախաճաշել:



  • համոզվեք, որ Ձեր երեխան ալերգիա չունի մեղրից, հետո կիրառեք
  • երբեք չօգտագործեք պահածոյացված մեղր, մեղրում նույնպես կարող են բոտուլիզմի հարուցիչներ առաջանալ 
Առողջ եղեք !!!!

Saturday, February 8, 2014

Հավելյալ սնունդ ( 7 ամսական +)

Այսօր ուզում եմ գրել մի կարևոր և  ակտուալ  թեմայի մասին, որը կոչվում է հավելյալ սնունդ:  Ե՞րբ, ի՞նչ, ինպե՞ս, ինչքա՞ն ...
Մի մեծ խնդրանք ու խորհուրդ, երբեք մի շտապեք սննդի հարցում, երբե՛ք , բալիկները շատ արագ մեծանում են ու կհասցնեն ամեն ինչ էլ ուտել, իսկ ժամանակից առաջ ընկնելով  կվնասեք ձեր բալիկի մարսողական համակարգը, հետագայում հնարավոր է ունենաք վատ ախորժակով և թույլ մարսողական համակարգով երեխա: Ընդհանրապես հավելյալ սնունդ սկսելու համար համապատասխան տարիք համարվում է վեց ամսականը, բայց ես խորհուրդ եմ տալիս սկսել յոթից, եթե բալիկը քաշի հետ լուրջ խնդիրներ չունի, իսկ մինչ դա իհարկե շատ ցանկալի է բալիկին կերակրել բացառապես կրծքի կաթով: Հավելյալ սնունդ տալուն զուգահեռ կրծքով կերակրելը շարունակել մինչև երկու տարեկան, ցանկության և հնարավորության դեպքում ավելի երկար կերակրեք, դա  միայն դրական ազդեցություն կթողնի բալիկի իմուն համակարգի վրա, բայց դա արդեն ուրիշ թեմա է, որը նույնպես շուտով կքննարկենք:



Եվ այսպես.
Ե՞րբ - յոթ  ամսականից

Ի՞նչ 
Շատ կարևոր է, թե ինչից եք սկսում, երբեք, երբե՛ք պետք չէ սկսել.
  • հյութերից - միրգը հյութի վերածելիս , հյութի մեջ անցնում է մրգում պարունակվող ամբողջ շաքարը, իսկ վիտամինները մնում են պտղամսում, որը դուք աղբն եք նետում
  • կարտոֆիլից- իրականում  կարտոֆիլը այն օգտակար ու անվնաս բանջարեղենը չի, ինչպես մենք ենք կարծում
  • գունավոր բանջարեղենից - բոլոր  գունավոր բանջարեղենները հնարավոր ալերգեններ են ու ռիսկի պետք չէ դիմել
  • մրգերից
Մինչև մեկ տարեկան  երբե՛ք մի կիրառեք աղ և շաքարավազ, հետագայում էլ խիստ սահամանափակեք դրանց կիրառումը, սովորեցրեք բալիկին սիրել մթերքի բնական համը:
Եվ այսպես սկսում ենք անգույն բանջարեղենից, մասնավորապես դդմիկի և ծաղկակաղամբի միակոմպոնենտ  պյուրեյից առանց կարագի և  բուսայուղի: Եթե գիտեք, որ ձմռանն եք սկսելու տալ հավելյալ սնունդ, ապա խորհուրդ եմ տալիս ամռանը և աշնանը ակտիվ զբաղվեք բանջարեղեն սառացնելու գործընթացով ( թե ինչ և ինչպես կգրեմ առանձին փոստում):

Ինչպե՞ս,  ինչքա՞ն
Սկսում ենք բանջարեղենի միակոմպոնենտ պյուրեի  շատ քիչ քանակից՝ կես թեյի գդալից,  հետևելով բալիկի ռեակցիային, եթե ալերգիկ ռեակցիա նկատեք կամ փորլուծություն, ժամանակավորապես  դադարեցրեք տվյալ բանջարեղենի կիրառումը: Դանդաղ ավելացրեք սննդի քանակը,  չորս օր հետո կարող եք ուրիշ բանջարեղեն տալ, օրինակ եթե դդմիկ եք տվել, սկսեք տալ ծաղկակաղամբ կրկին հետևելով բալիկի ռեակցիային: Երկու շաբաթ հետո կարող եք ռացիոնում ավելացնել եգիպտացորենի, հնդկաձավարի կամ բրնձի շիլաներ, կրկին հերթով, քիչ քանակով, բալիկին հետևելով: Յոթ ամսականի վերջում արդեն կարող եք պատրաստել երկկոմպոնենտ ճաշիկներ , բնականաբար բալիկի մարսողական համակարգին արդեն ծանոթ կոմպոնենտներից: Ութ ամսականից սկսած արդեն կարող եք քիչ քանակով կարագ կամ բուսայուղ  ավելացնել ճաշիկներին: Մրգերը սկեք յոթի վերջից կամ ութից, սկսեք շոգեխաշած խնձորից, կրկին նույն ձևով քիչ քանակով և բալիկի ռեակցիային հետևելով: Աշխատեք բոլոր բանջարեղենները շոգեխաշել: Միս , ձուկ կարող եք տալ ինը ամսականից, օգտագործեք մսի երկրորդ մսաջուրը,  եթե զինված եք համապատասխան սարքավորումներով, ապա ավելի ցանկալի է միսը  նույնպես շոգեխաշել: Սկզբում նախապատվություն տվեք նապաստակի մսին , հետո տավարին ու հավին ( զարգացած շատ երկրներում նապաստակից հետո տալիս են ձիու միս, բայց դե մեր երկրում  այն ընդունված չէ կիրառել , ոչ էլ առկա է խանութներում, սա ուղղակի ինֆոյի համար ) : Ձու՝ տաս ամսականից, մինչև մեկ տարեկան տվեք միայն ձվի դեղնուցը:


  • Արհեստական սնվող բալիկներին կարող եք սկսել վեց ամսականից: 
  • Ձեր բալիկի տարիքին համապատասխան բաղադրատոմսեր կարող եք գտնել իմ բլոգում: 
  • Առողջ  սնվեք, առողջ սնեք ձեր բալիկներին
  • Մի սպասեք, որ ձեր բալիկը հենց սկզբից կսկսի հաճույքով ուտել, հնարավոր է հրաժարվի, բայց դուք համբերատար կրկին առաջարկեք ու բալիկի հրաժարվելը առիթ մի դարձրեք աղ ու շաքար ավելացնելու:
  • Ճիշտ սկսեք ձեր բալիկի հավելյալ սնունդը, երբեք մի շտապեք սննդի քանակի ու տեսակների հարցում, դրանով դուք բալիկի առողջ կյանքի հիմքը կդնեք 


Friday, February 7, 2014

Բանջարեղենով աղցան ( 2 տարեկան +)



Բրոկոլին և ծաղկակաղամբը շոգեխաշել, այնուհետև ծաղկակաղամբը թեթև տապակել ձեթի մեջ, ձեթի մեջ տապակել նաև սմբուկը, հետո կտրատել թարմ լոլիկը, մաղադանոսը, խառնուրդի վրա սխտոր ճզմել, լիմոնի հյութ, ձեթ և քացախ / 2:1 / , վերջում մի քիչ աղ անել:


Սիսեռով ապուր ( 2 տարեկան +)

Սիսեռը հարուստ է A, B, C, E խմբի վիտամիններով, հանքանյութերով: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է համարվում:
Սիսեռը լվանալ,  թրջել գոլ ջրում , թողնել մոտ վեց ժամ, այնուհետև կիսաեփ անել, բոլոր հատիկները հանել ջրից: Սիսեռի հատիկները բարակ թաղանթ ունեն, բոլոր հատիկները թաղանթազատել, բավականին հեշտ դուրս է գալիս թաղանթը: Թաղանթազատելուց հետո հետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանրացված գազար, բիբար, սոխ, եփել: Բոլոր բաղադիրչների եփվելուց հետո ավելացնել մանրացված նեխուր, համեմ և մի պճեղ  սխտոր ( 4 մասի բաժանած ) , կաթսայի բերանը փակել, թողնել 15 րոպե, սխտորները հանել, կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել: Եթե բալիկը դեռ ծամելու հետ խնդիրներ ունի, պատառաքաղով մի փոքր տրորել սիսեռները:


Բարի ախորժակ :)

Monday, February 3, 2014

Յոգուրտ (1 տարեկան +)

Յոգուրտը կաթնաթթվային մթերք է, որը պատրաստվում է մերող միկրոօրգանիզմների կիրառմամբ: ՛՛ Կենդանի յոգուրտը՛՛ պարունակում է կաթնաթթվային մանրէներ, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի  վրա, կարգավորում են մարսողությունը:  Յոգուրտը պարունակում է նաև վիտամիններ, մոնո-,  դիսախարիդներ, մակրո-, միկրոտարրեր: Յոգուրտը օրգանիզմի  իմունիտետը  բարձրացնող հրաշալի միջոց է:

Պատրաստման եղանակը:
Ես տանը պատրաստում եմ յոգուրտ օգտագործելով յոգուրտի չոր մերան, յոգուրտ պատրաստող սարք և կովի կաթ:
Յոգուրտ պատրաստող սարք



Մեկ լիտր կաթը եռացնել, թողնել սառչի մինչր 40-42C: Յոգուրտի չոր մերանը լուծել 50մլ ջրում, լցնել կաթի վրա, լավ խառնել և լցնել յոգուրտի սարքի տարաների մեջ, թողնել այն միացված ութ ժամ, ապահովելով 40-42C:

Յոգուրտի տարաներ

 Մերվելուց հետո տարաները դնել սառնարանում: Այն պատրաստ կլինի սառչելուց հետո, կարող եք տարբեր մրգեր խառնել արդեն պատրաստի յոգուրտին, թեպետ իմ երեխաները առանց մրգերի էլ են մեծ հաճույքով ուտում: