Monday, November 24, 2014

Հնդկահավով և դդումով ապուր (1 տարեկան +)

Անհրաժեշտ է. (2 բաժնի համար)

1. հնդկահավ - 2 կտոր
2. դդում - 10 խորանարդիկ
3. թեփուկով բրինձ - 1 ճաշի գդալ
4. սխտոր - 1 պճեղ
5. բիբար - 1 հատ , եթե մեծ բիբար է, ապա 1/2 մասը
6. սոխ - 1/4 մասը մոտավոր
7. նեխուր
8. կարագ

Պատրաստման եղանակը.
Նախապես մաքրած և լվացած հնդկահավը դնել կաթսայի մեջ, քիչ ջրով հասցնել եռման ջերմաստիճանի, թողնել եռա 5-6 րոպե, այնուհետև թափել ջուրը, կաթսան լվանալ արդեն բավարար քանակով ջուր լցնել և եփել 15 րոպե, որից հետո եռացող ջրի մեջ ավելացնել թեփուկով բրինձը, եփել ևս 15 րոպե։ Դդումը խորանարդիկներով կտրատել, մանրացնել նաև սոխը և բիբարը, այս ամենը ավելացնել  եռացող ճաշին, եփել ևս 15 րոպե։ Նեխուրը լավ մանրացնել, սխտորի պճեղները 2 մասի բաժանել, այս երկուսը ավելացնել   ճաշը անջատելուց հետո, կաթսան փակել կափարիչով, սպասել ևս 15 րոպե, մատուցելուց մի փոքրիկ կտոր կարագ դնել։Սխտորը , ցանկության դեպքում, կարող եք մատուցելուց առաջ  հանել ճաշից։


Բարի ախորժակ :)

Saturday, November 22, 2014

Նուշի ալյուրով քաղցրավենիք ( 2տարեկան +)


Բաղադրությունը։ 3 ձու, 1 բաժակ շաքարավազ, մեկ ու կես բաժակ նուշի ալյուր, կես բաժակ կաթ, 40 մլ կարագ, կես թեյի գդալ սոդա, կես թեյի գդալ վանիլ, 3-4 խնձոր։
Պատրաստման եղանակը։ Հարիչով մի քանի րոպե հարել ձվերը, շաքարավազը, դանդաղ հարելով աստիճանաբար ավելացնել ալյուրը, կաթը, կարագը, հետո սոդան ու վանիլը։Եփելու կաթսայի տակ մի քիչ կարագ քսել, վրան ալյուր ցանել։ Խմորը լցնել, խնձորները մաքրել, կիսալուսնաձև կտրատել ու շարել խմորի վրա։
Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում 50 րոպե 175 աստիճանում։

Աշխատեք սահմանափակել սպիտակ ալյուրի կիրառությունը ձեր և ձեր բալիկների սննդակարգում!!!!Սպիտակ ալյուրը վերամշակում անցնելուց կորցնում է բոլոր օգտակար հատկությունները, և բացի օգտակարության կորստից նաև բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա /մանրամասն ուրիշ փոստում/։
Բաղադրատոմսը մեզ տրամադրեց Անի Մարտիրոսյանը :*

Saturday, May 24, 2014

Կորեկով ապուր (2 տարեկան +)

Կորեկով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է․
  • կորեկ - կես բաժակ
  • ջուր - 1,5 լիտր
  • սոխ - 1 հատ
  • գազար - 1 հատ
  • սխտոր - 3 պճեղ
  • ձեթ
  • կանաչի
  • աղ
Պատրաստման եղանակը․
Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա  ջուր  ավելացնել  և եփել 25 րոպե ցածր կրակի վրա։ Սոխն ու գազարը լավ մանրացնել, տաքացնել ձեթի մեջ և ավելացնել արդեն եփված կորեկի վրա, բոլորը միասին կրկին եփել 5-7 րոպե, ավելացնել  մանր կտրատած սխտորը , աղը և կանաչին, գազը անջատել, կաթսայի բերանը փակել, հինգ րոպե հետո մատուցել։


բարի ախորժակ երեխաներին :)

Շնորհակալություն Կարինա Եղիազարովային բաղադրատոմսը և նկարը մեզ տրամադրելու համար

Monday, May 12, 2014

Թթվասերով կեքսիկներ ( 2 տարեկան +)

Անհրաժեշտ է․ 
1. ընկույզ - մեկ բաժակ , կարող եք օգտագործել նուշ, պնդուկ, ես լցրել եմ բրազիլական ընկույզ և նուշ
2. ալյուր - մեկ բաժակ
3. շաքարի փոշի - մեկ բաժակ
4. թթվասեր - մեկ բաժակ
5. ձու - երկու հատ
6. սոդա - կես թեյի գդալ

Պատրաստման եղանակը ․
1. Մանրացնել ընկույզը

2. Մաղել ալյուրը
3. Միմյանց խառնել ալյուրը, սոդան, շաքարի փոշին, ձուն, թթվասերը հարել մինչև դառնա միասեռ զանգված
4. Ավելացնել մանրեցված ընկույզը, լավ խառնել
5. Խմորը լցնել ֆորմաների մեջ , զարդարել կտրատած ընկույզներով և թխել 200C , 25-30 րոպե


Սա էլ պատրասի տեսքը․


Ձկնապուր (1 տարեկան +)

Ձուկը շատ կարևոր սպիտակուցային մթերք է, պարունակում է օմեգա 3, կալիում, կալցիում, ֆոսֆոր և այլն։ Չնայած իր սննարար ու օգտակար լինելուն, ձուկը ուժեղ ալերգեն է, այդ պատճառով այն երեխայի սննդակարգ  ներմուծեք շատ քիչ չափաբաժնով՝ մեկ թեյի գդալից սկսած։ Երեխային ձուկ կարող եք տալ ամիսը երկու անգամ։
Ձկնապուր պատրաստելու համար անհրաժեշտ է․ ձուկ, բրոկոլի, լոլիկ, գազար, սոխ, նեխուր, դափնետերև, համեմ։
Եթե հնարավորություն ունեք շոգեխաշելու, ապա շատ ավելի լավ, քանզի գիտենք, որ շոգեխաշելիս գրեթե բոլոր վիտամինները պահպանվում են։ Եթե չկա շոգեխաշելու հնարավորություն, ապա ապուրը պատրաստեք շատ քիչ ջրով, ցածր կրակի վրա։ Ձուկը նշված բաղադրիչներով եփելուց հետ, հանեք ապուրից, մաքրեք փշերից և մաքրված միսը հետ լցրեք ապուրի մեջ,ավելացրեք համեմը և նեխուրը,  մի կտոր կարագ դրեք։



Բարի ախորժակ  :)

Saturday, April 5, 2014

Ավոկադոյով բաղադրատոմսեր

Մեզե ավոկադոյով և պանրով (1 տարեկան +)

Ավոկադոն համարվում է ամենաբարձր  կալորիականություն ունեցող միրգը, պարունակում է մեծ քանակով ճարպաթթուներ, վիտամին A և E: Առաջարկվող ուտեստը հարուստ է վիտամիններով և կալցիումով, ինչն էլ չափազանց անհրաժեշտ է երեխաների արագ աճող օրգանիզմին: Եվ այսպես Մեզե պատրաստելու  համար անհրաժեշտ է մեկ հատ մեծ ավոկադո, երկու ճաշի գդալ լիմոնի թարմ քամած հյութ, 50 գրամ անյուղ պանիր, աղ, համեմունքներ ըստ ճաշակի:
Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, թեյի գդալով կեղևից քերել ամբողջ պտղամիսը: Պտղամսի վրա ավելացնել լիմոնի հյութը և մանր քերած պանիրը: Քանի որ ավոկադոն բավականին հարուստ է յուղերով, ցանկալի է, որ վերցնեք անյուղ պանիր: Այս ամենին ավելացնել մի պտղունց չորացրած կանաչի , մեծիկների դեպքում նաև աղ, երեխաների համար պատրաստելուց աղ մի ավելացրեք, պանրի աղը արդեն իսկ բավարար է: Մատուցել  հացի ձողիկների կամ տանը պատրաստված չորահացիկների հետ: Բարի ախորժակ :)


Շնորհակալություն Կարինա Եղիազարովային բաղադրատոմսը մեզ տրամադրելու համար:

Ավոկադոյով ձվածեղ (2 տարեկան +)

Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ավոկադո, երկու լորի ձու, կանաչ սոխ: Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, գդալով մի փոքր փոսիկ բացել, որպեսզի ձվիկը տեղավորվի մեջը: Գազօջախը տաքացնել 150 C , ավոկադոն ձվիկներով զգույշ դնել  օջախի մեջ, 15-20 րոպե, երբ համոցվեք որ ձուն եփած է, հանեք գազօջախից վրան լցրեք մանր կտրատած կանաչ սոխ, մեծիկների դեպքում նաև սև բիբար:



Friday, April 4, 2014

Կորեկի ձավարով (пшено ) շիլա ( 2 տարեկան +)

Կորեկի ձավարը հարուստ է ածխաջրերով, բջջանյութով, սպիտակուցներով, ինչպես նաև  պարունակում է միկրո և մակրո տարրեր՝ ֆտոր, երկաթ, մանգան, մագնեզիում, պղինձ:


Այս ձավարը ունի օրգանիզմի իմունիտետը ամրացնող հատկություն, ինչպես նաև բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա: Նրանում պարունակվող ֆտորը նպաստում է ատամների, մազերի ու եղունգների ամրացմանը: 

Ինչպե՞ս պատրաստել կորեկի ձավարի շիլա

Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա  ջուր  ավելացնել  (1 : 2 հարաբերակցությամբ )  և եփել 25 րոպե ցածր կրակի վրա, այնուհետև արդեն եփած կորեկի վրա կաթ ավելացնել, մի անգամ էլ կաթով եռացնել ու կրակն անջատել: Կաթնակորեկային շիլայի վրա ավելացնել մի փոքիկ կտոր կարագ և վերջ շիլան պատրաստ է: Եթե քաղցրացնելու խնդիր ունեք, կարող եք մի քիչ մեղր ավելացնել, ոչ շատ տաք շիլային, շատ համեղ է ստացվում, բարի ախորժակ երեխաներին :)